Սեքսով զբաղվելն ամոթ չէ, ամոթ է նման տեսանյութեր տարածելը։ Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։

Նշենք, որ Youtube-ում մարտի 11-ին հայտնվել էր ենթադրաբար վրացի քաղաքական գործիչներից մեկի մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութ։ Տեսանյութում մարդկանց դեմքերը քողարկված են եղել, իսկ անունները նշված չեն եղել։ Ընդ որում, անհայտ անձը, որը տեղադրել էր նյութը, նշել էր, որ հերթը մյուս քաղաքական գործիչներին էլ կհասնի։

«Կարող եմ հասարակությանը բաց հայտնել, որ սեքսն ու սեռական կյանքը ամոթալի չեն։ Անձամբ ես հարուստ սեռական կյանք եմ ունեցել եւ ապագայում էլ կունենամ։ Ցանկացած մարդ, որը նման տեսանյութ է տարածում, պատժվելու է։ Զզվելի է ոչ թե որովհետեւ սեռական կյանքն է զզվելի, այլ այն, որ դա տարածում են»,- ասել է Մարգվելաշվիլի։

Նշենք, որ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի ՔՕ 157-րդ հոդվածի համաձայն (անձնական կամ ընտանեկան կյանքի նկատմամաբ ոտնձգություն)։