«Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում այսօր` սեպտեմբերի 21-ին հայտարարված է Հայաստանի Ազգային օր։ Իր ողջույնի խոսքում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ իր համար կրկնակի հաճելի է ելույթ ունենալ, քանի որ սեպտեմբերի 21-ը ոչ միայն Հայաստանի անկախության հռչակման 19-րդ ամյակն է, այլեւ ՀՀ ազգային օրն է «Շանհայ Էքսպո-2010»-ում։ Որդեգրված հիմնական կարգախոսը հայկական կողմին ցուցահանդեսին պատրաստվելիս ստիպել է վերաիմաստավորել մեր ժողովրդի անցած ուղին եւ փորձել միացյալ նայել դեպի ապագա։ «Մեր երկիրն ամեն օր արթնանում է եւ նայում Արարատ բիբլիական սարին։ Իմաստը, որ կրում է Արարատը, նախ եւ առաջ կապվում է վերածննդի գաղափարի հետ։ Այսօր` համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհը չի կարող լինել նախկինը, այն պիտի փոխվի։ Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ փորձում են ձեւակերպել աշխարհի նոր ուղղվածությունը։ Այսօր մեզ համար գլխավոր կարգախոսն այն է, որ նոր աշխարհը մենք պետք է կառուցենք միասին։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք նոր քաղաքի տեսակետը, որն իր մեջ կներառեր ոչ միայն մեր մոտեցումը, թե ինչպիսին պետք է լինի քաղաքակրթության երկխոսությունն այսօր, այլ միաժամանակ մենք հնարավորություն ենք ստեղծում բոլոր մարդկանց, ժողովուրդներին՝ մասնակցելու նոր քաղաքի կառուցմանը»,-նշել է ՀՀ վարչապետը։
Նրա գնահատմամբ, այսօր «Շանհայ Էքսպո-2010»-ն ուրույն հնարավորություն է տալիս հենց համատեղ աշխատանքի, քաղաքակրթության երկխոսության համար։ Տիգրան Սարգսյանը բոլորին հրավիրել է մասնակցելու Արարատյան դաշտավայրում կառուցվելիք նոր քաղաքի շինարարությանը` հույս հայտնելով, որ այդ քաղաքի շինարարությունը նոր Էջ կբացի ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ քաղաքակրթության պատմության համար։
Հայկական կատարողների մասնակցությամբ կազմակեպված համերգային ծրագրից հետո, ՀՀ վարչապետն ու նրա գլխավորած պատվիրակությունը ծանոթացել են ցուցահանդեսում ներկայացված Չինաստանի եւ Հայաստանի տաղավարներին։ Վերջինս հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել «Շանհայ Էքսպո-2010»-ի այցելուների շրջանում։ Ընդհանուր` ավելի քան 53 միլիոն այցելուներից երկու միլիոնը եղել է նաեւ հայկական տաղավարում։ 500 քմ զբաղեցնող տաղավար օրական այցելում է շուրջ քսան հազար մարդ, իսկ տաղավարն ու նրա վիրտուալ տարբերակն արժանացել է կազմկոմիտեի բարձր գնահատականին։
«Շանհայ Էքսպո-2010»-ին մասնակցության եւ իրենց քաղաքում հյուրընկալվելու կապակցությամբ, երկկողմ այցելության ժամանակ ՀՀ վարչապետին իր շնորհակալությունն է հայտնել Շանհայի քաղաքապետ Հան Ժենգը։ ՀՀ վարչապետը կարեւորել է Շանհայի քաղաքաշինական փորձն ու դրա հետագա կիրառումը։ Նա Շանհայի քաղաքապետին հրավիրել է այցելել Հայաստան՝ ծանոթանալու հայկական ճարտարապետական ու շինարարական ավանդույթներին, փոխանակվելու քաղաքաշինական փորձառությամբ։





























