Հարավաֆրիկյան Paramount Group ընկերությունն Ադրբեջանում եւ Հնդկաստանում արտադրության ծավալների մեծացման նպատակով մինչեւ 2015 թվականը նախատեսում է մեկ մլրդ. դոլարի ներդրումներ անել։ Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Իվոր Իչիկովիցը։

Reuters-ին տված հարցազրույցում նա ասել է, որ իր կողմից ղեկավարվող ընկերությունը Հնդկաստանը դիտում է իբրեւ հեռանկարային  շուկա եւ ներկայումս համագործակցում է հնդկական Ashok Leyland ընկերության հետ։

Խոսելով Paramount Group-ի եւ Ադրբեջանի համագործակցության մասին՝ ընկերության ղեկավարը նշել է, որ Բաքվում սկսվել է ականակայուն տեխնիկայի երկու տեսակների արտադրությունը։ «Մենք գրեթե գործարկել ենք գործարանը եւ սկսել ենք երկու մոդելների արտադրությունը»,- ասել է նա:

Իվոր Իչիկովիցը նաեւ հայտարարել է, որ Բաքվի այդ գործարանում ամսական 5-7 միավոր տեխնիկա է արտադրվում։