Այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հատուկ հայտարարությամբ շնորհավորել է Հայաստանի անկախության տարեդարձը, խոսում է Հայաստան -ԱՄՆ հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նա ընդգծեց, որ պետքարտուղարի հայտարարությունը վկայում է երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին: «Հայ-ամերիկյան հարաբերությունները ակտիվ կերպով զարգանում են, եւ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը վկայում է պաշտոնական Երեւանի կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ Վաշինգտոնի դրական վերաբերմունքի մասին»,-հայտարարեց Սահակյանը:
Նշենք, որ սա առաջին դեպքն է, որ ԱՄՆ պետքարտուղարը հատուկ հայտարարությամբ է հանդես գալիս՝ շնորհավորելով Հայաստանի անկախության տարեդարձը: Հայ ժողովրդին տոնի կապակցությամբ ի թիվս այլ երկրների պաշտոնյաների, շնորհավորել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:




























