ՏՄՊՊՀ-ն ֆիզիկական անձանց չի տուգանում, տուգանում է տնտեսվարողներին։ Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով նրան, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չի հերքում, որ օղի է կեղծում:

«Ալեքս Գրիգ» ընկերությունը նախկինում մի քանի անգամ տուգանվել է, եթե խախտումներ անի, կրկին կտուգանվի»,- ասաց Շաբոյանը:

Ինչ վերաբերում է բանանի շուկային, Շաբոյանի խոսքով, այն մշտապես գտնվում է իրենց ուշադրության տիրույթում։ «Բանանի շուկան մշտապես գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում։ Մշտապես գնագոյացման հաշվարկներ, ուսումնասիրություններ են կատարվում»,-ասաց Շաբոյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Սամվել Ալեքսանյանը մենաշնորհային դիրք ունի շուկայում, Շաբոյանն ասել է. «Հանձնաժողովին չի հետաքրքրում՝ որ ընկերության սեփականատերը ով է եւ ինչպիսի կարգավիճակում։ Մենք խոսում ենք ընկերություններից, տնտեսվարողներից։ Օրենքի լեզվով որեւէ ոլորտում մոնոպոլիաներ, մենաշնորհներ չկան։ Կան բնական մենաշնորհներ՝ «ՀայՌուսԳազարդ», «Հայաստանի էլեկտրացանցեր»։

Ըստ Շաբոյանի՝ օրենքի տեսնակյունից կան գերիշխող դիրք ունեցողներ, ոչ թե մենաշնորհներ։ «Օրենքն ասում է, որ եթե  տնտեսվարողի  կշիռը հարյուր տոկոս չէ, մնացածը կոչվում է գերիշխող դիրք։ Այսօր, այո, կան գերիշխող դիրքեր զբաղեցնողներ։ Կան շուկաներ, որոնք կենտրոնացված են,բայց դա խնդիր չի ամբողջ աշխարհում։ Որեւէ տնտեսական մրցակցության մարմին խոշոր ընկերությունների առկայության դեմ չի պայքարում, այլ նրանց խախտումների»,-ընդգծել է Շաբոյանը:

Ինչ վերաբերում է կողծված օղիներին, Շաբոյանի հիշեցրել է, որ այդ գծով 11 վարույթ են հարուցել եւ պատասխանատվության ենթարկել ընկերությանը։