Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ եւ գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն, որը գործունեություն է ծավալում «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին եւ առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին: Դրանք համալրված են ժամանակակից համակարգերով եւ ծրագրերով, իսկ գնային առումով ավելի մատչելի են: Նախորդ տարվանից «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը սկսել է «Արմթաբ» պլանշետները ներդնել նաեւ Հայաստանի դպրոցներում: 2015 թվականի ընթացքում արդեն իսկ դպրոցներին է տրամադրվել 700 պլանշետ. այս տարի եւս ծրագիրը կշարունակվի: Տեղեկացվել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է եւ Հայաստանում, եւ արտերկրում: Այժմ բանակցություններ են տարվում կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում գործող հայաստանյան ընկերությունների հետ՝ արտադրանքը մեր երկրի մանրածախ շուկայում իրացնելու նպատակով: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը համագործակցում է արտերկրի գործընկերների հետ՝ գիտահետազոտական ծրագրերի մշակման ուղղությամբ: Ներկայում ընկերությունն ունի 117 աշխատող, նախատեսվում է հետզհետե այդ թիվն ավելացնել:
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը կարեւորել է այս ընկերության գործունեությունը եւ ուրախությամբ նշել, որ այն հաջողությամբ զարգանում է եւ ունի մեծ ապագա: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունը շարունակելու է աջակցել մեծ ներուժ ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին՝ համարելով այն գերակայություն: Վարչապետը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է այս ոլորտի յուրաքանչյուր ծրագիր դարձնել քննարկման առարկա եւ անհրաժեշտության դեպքում ցուցաբերել շարունակական օժանդակություն: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՏՏ ոլորտը մեր երկրում ունի զարգացման մեծ հեռանկարներ եւ ավելացրել, որ այն լինելու է գործադիրի մշտական ուշադրության կենտրոնում:
ՏՏ ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով կառավարությունը ձեռնամուխ է եղել նաեւ հանրապետության դպրոցներում ռոբոտատեխնիկայի եւ ինժեներիայի լաբորատորիաների/խմբակների ստեղծմանը:





























