Change.org-ում ստորագրահավաք է սկսվել՝ Հայաստանում PayPal վճարային համակարգի ամբողջական գործարկման պահանջով: Ստորագրահավաքի հասցեատերերը Հայաստանի կառավարությունը՝ մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարարությունն ու Էկոնոմիկայի նախարարություններն են եւ Կենտրոնական բանկը: Տեքստում նշված է, որ հարցով զբաղվող պատկան մարմինները PayPal-ի ամբողջական ծառայությունների բացակայությունը Հայաստանում պատճառաբանում են, հենց PayPal-ի Հայաստանով հետաքրքրություն բացակայությամբ, սակայն միեւնույն ժամանակ նշված է, որ Հայաստանի ներսում արժեքավոր հետազոտություն չի իրականացվել, որպեսզի հասկանալի դառնա, թե Հայաստանը PayPal-ում որքան շրջանառության ներուժ ունի:

Նշենք, որ ըստ ամենայնի, հենց այդ փաստարկների բացակայությունն է, որ PayPal-ը Հայաստանում ծառայության ամբողջական գործարկմամբ հետաքրքրված չէ, քանի որ հարեւան Վրաստանում PayPal-ն արդեն գործում է ամբողջությամբ, ու դժվար է պատկերացնել, որ Վրաստանի օնլայն կոմերցիոն ծառայությունների ներուժը խիստ է տարբերվում հայաստանյանից:

Տեղեկացնենք, որ PayPal օնլայն վճարային համակարգը լայն տարածում է գտել արտասահմանում: Այն տարածված է օնլայն առեւտուր եւ ծառայություններ մատուցող մանր եւ միջին բիզնեսում: Դրանով են առեւտուր իրականացնում eBay, Amazon եւ այլ առցանց առեւտրային ծառայությունները:

Հայաստանում արդեն վաղուց հնարավորություն կա Visa, Master Card, Amex քարտերի միջոցով նաեւ ձեռքբերել (գնել) PayPal, սակայն ստանալ PayPal հնարավոր չէ: Այսինքն՝ կարելի է eBay-ից ինչ-որ իր գնել, սակայն գրանցվել eBay-ում ու առեւտուր իրականացնել PayPal-ով, անհնար է, որովհետեւ Հայաստանը չի սպասարկվում: Բացի օնլայն առեւտրային ծառայություններից PayPal-ի հսկայական շրջանառություն կա նաեւ մոբայլ սթորերում՝ Google Play-ում, App Store-ում ու այս դեպքում էլ հայաստանցի ծրագրավորող-դեւելոփերները զուրկ են մնում ստեղծած կոնտենտի մոնետիզացիայից: Արդյունքում շատերը որոշում են բիզնեսը տեղափոխեն ԱՄՆ, կամ մեկ այլ վայր, որտեղ հնարավոր է ժամանակակից էլեկտրոնային վճարային միջոցներից օգտվել: Այսօր էլեկտրոնային վճարային միջոցները իրական դրամին իսկական այլընտրանք են դարձել, իսկ որոշ դեպքերում, օրինակ՝ Bit Coin-ի տեսքով, փոխարինել են թղթադրամին: Վերադառնալով PayPal-ին նշենք, որ այս համակարգում գրանցվածները տասնյակ միլիարդավոր դոլարների շրջանառություն են ապահովում, դրանց մի մասը բնականաբար հայեր են, բայց նրանք իրենց բանկային հաշիվները բացում են արտասահմանում, որպեսզի կարողանան ժամանակի հետ համընթաց բիզնես իրականացնել: