Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, թե չի հավատում իրանական ընդդիմության առաջնորդների եւ արեւմտյան գործակալների միջեւ առկա կապերին: «Ես չեմ մեղադրում հետընտրական դեպքերի առաջնորդներին այլ երկրների, հատկապես ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային ծառայելու մեջ, քանի որ դա ինձ համար ապացուցված չէ»,- ասել է նա, Իրանի հեռուստատեսությամբ արած իր ելույթում:

Հոգեւոր առաջնորդի այս հայտարարությունն անակնկալ է եղել պահպանողական շրջանակների համար, որոնք ընդդիմության բողոքի զանգվածային ելույթների մեջ տեսնում էին Արեւմուտքի ձեռագիրը: Հնարավոր է, որ Խամենեիի այս հայտարարությունը նպատակ ունի թուլացնել Իրանի հասարակության մեջ եղած լարվածությունը, մանավանդ այս օրերին, երբ ընդդիմադիրների զանգվածային դատավարություններ են ընթանում: