Instagram սոցիալական ցանցը հայտնել է թարմացումների ժապավենը ձեւավորելու սկզբունքը՝ հրաժարվելով դրանք ցուցադրել ժամանակագրական հերթականությամբ։ Առաջիկա ամիսներին հավելվածը կսկսի առաջին հերթին օգտատերերին ցուցադրել այն նոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք պետք է որ ավելի շատ հետաքրքրեն նրանց։
Թե կոնկրետ ինչն է հետաքրքրում օգտատիրոջը, Facebook-ի համանմանությամբ որոշելու են հատուկ ալգորիթմները։ Դրանք մասնավորապես հաշվի են առնելու օգտատերերի փոխհարաբերություններն ու հրապարակման ժամը։ Ընդ որում, հրապարակումները «թաքցնել» դեռ չեն պատրաստվում, դրանք նախկինի պես երեւալու են բոլոր բաժանորդագրված հետեւորդներին, ուղղակի այլ հերթականությամբ, փոխանցում է Vesti-ն։
Օրինակ, ինչպես բացատրել են Instagram-ից, եթե սիրելի երաժիշտը գիշերը համերգից տեսանյութ տեղադրի, առավոտյան դուք դա կտեսնեք առաջին հերթին՝ անկախ այն հանգամանքից, թե քանի լուսանկար եւ տեսանյութ է կուտակվել ձեր ժապավենում եւ որ ժամային գոտում եք դուք գտնվում։





























