Ստամբուլում անհայտ անձիք մտել են հայտնի հայ բժիշկ Հակոբ Կոթողյանի տուն, կտտանքների ենթարկել նրա կնոջն ու թալանել տունը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, մարտի 15-ի կեսօրին անհայտ անձիք մտել են «Անթեւ Հակոբ» անունով հայտնի 77-ամյա բժիշկ Հակոբ Կոթողյանի տուն, տանը գտնվող 63-ամյա Սուզան Կոթողյանին կապել եւ պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը։ Կինը սկզբում հրաժարվել է ասել գաղտնաբառը, սակայն չի դիմացել կտտանքներին եւ հայտնել է այն։

Հանցագործները չհրկիզվող պահարանից հափշտակել են 1,5 մլն լիրա (540 հազար դոլար) ու հեռացել։

Սուզան Կոթողյանը կարողացել է մի կերպ ազատվել կապանքներից ու զանգել ոստիկանություն։ Ոստիկանների հետ դեպքի վայր մեկնած շտապօգնության աշխատակիցները կնոջը հիվանդանոց են տեղափոխել։ 

Հակոբ Կոթողյանը աշխատանքի վայրում է  իմացալ կնոջ հետ պատահածը եւ շտապ գնացել հիվանդանոց։