Ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից՝ մենք պարտավոր ենք ունենալ մարտունակ եւ ժամանակակից բանակ, երկրի նախագահն ու կառավարությունն անում են ամեն ինչ դրա համար: Այդ մասին սեպտեմբերի 21-ին պարգեւների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով եւ Սեյրան Օհանյանի հանձնարարականով անկախության գործում ներդրած նշանակալի ավանդի, բանակի մարտունակության բարձրացման, ծառայության ընթացքում խիզախության համար 100 զինծառայողներ եւ ազատամարտիկներ Հայաստանի Հանրապետության մեդալներ են ստացել, եւս 650-ը` գերատեսչական պարգեւներ, որոշները՝ հետմահու:
Շնորհավորելով ներկաներին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասել է. «Մեր ժողովուրդը նվաճել է իր անկախությունը՝ անցնելով բազում փորձությունների միջով: Հաղթանակի համար անհրաժեշտ ուժը պետք է գտնել մեր մեջ: Հաղթանակները տրվում են այն ժողովուրդներին, որոնք ինքնուրույն են կռվում իրենց անկախության համար: Առաջին հանրապետության տարիներին մենք կորցրինք մեր անկախությունը միայն այն պատճառով, որ հույսներս դրել էինք ուրիշների վրա: 19 տարի առաջ մենք հռչակեցինք Հայաստանի անկախությունը, քանի որ աջակցություն չէինք փնտրում դրսում, այլ հույսը դնում էինք մեր ուժի վրա: Հազարավոր հայրենասերներ զենք վերցրին՝ պաշտպանելու Հայաստանն ու Ղարաբաղը, նրանցից շատերը զոհվեցին հանուն անկախության եւ պատմական արդարության վերականգնման: Փառք հերոսներին»,- ասել է նախարարը:
Սեյրան Օհանյանը հայտարարել է նաեւ. «Սահմանին կանգնած զինծառայողն առաջինն է ստանալու թշնամու հարվածը: Բանակում ենթակաների նկատմամբ հոգատարությունը նույնքան կարեւոր է, որքան խիզախությունը»:




























