Հայաստանում փոքր բիզնեսը շատ էժան գնով դրամարկղային «խելացի» սարքեր է ստանում: Այդ մասին մարտի 16-ին Հայաստանի խորհրդարանի կառավարական ժամի ընթացքում հայտնել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նա հիշեցրել է, որ համացանցային կապով (այդ թվում` հարկային ծառայության սերվերների հետ ուղիղ կապով) դրամարկղային սարքերը ներդրվում են էլեկտրոնային (այսինքն` թափանցիկ) փաստաթղթային շրջանառության համար: Միաժամանակ դրանց տեղադրման վերջնաժամկետը 2016-ի մայիսի 1-ից երկարացվել է մինչեւ 2017-ի հունվարի 1-ը: Այդ ընթացքում կառավարությունը ցանկանում է պայմանավորվել ավելի ցածր գնով գնումների մասին:
«Մենք դրանք հնարավորինս էժան ենք գնում, իսկ Կառավարությունն աննախադեպ որոշում է կայացրել եւ փոքր բիզնեսի շատ սուբյեկտների այդ սարքերն անվճար է տրամադրում կամ մեծ զեղչով», - ասել է Խաչատրյանը: Նրա խոսքով, սարքի գինն առանց զեղչի 760 դոլար է, ինչը դարձյալ ավելի ցածր է, քան աշխարհում նման սարքերի միջին գինը: Դրան հաջողվել է հասնել նաեւ այն բանի շնորհիվ, որ ծրագրային ապահովումը մշակել են հայ ծրագրավորողները` թայվանցի գործընկերների հետ միասին: «Միաժամանակ սարքը թույլ է տալիս պարզեցնել փաստաթղթային շրջանառությունը` դրամարկղային կտրոնների վերաբերյալ տվյալները փոխանցելով անմիջապես ձեռնարկության հարկային հաշիվներին», - հավելել է նախարարը:




























