Աշխարհում  համացանցային վաճառքի հսկա  Amazon-ը արտոնագրման հայտ է ներկայացրել մի տեխնոլոգիայի համար, որը թույլ է տալիս սելֆիի օգնությամբ առցանց վճարումներ իրականացնել: 

Ինչպես գրում է «Կոմերսանտը», ընկերությունում ենթադրում են, որ նման տեխնոլոգիայի ներմուծումը կազատի տեքստային գաղտնաբառեր մտցնելու անհրաժեշտությունից, որոնք մարդիկ կարող են մոռանալ:  Արտոնագրի հայտում նաեւ նշված է, որ բջջային սարքով գաղտնաբառ մտցնելը ոչ միշտ է հարմարավետ,  որովհետեւ շատ սարքեր փոքր էկրան ունեն կամ էլ անհարմար ստեղնաշար:  Վերջապես` օգտատերերը երբեմն ստիպված են լինում ուրիշներից շրջվել գաղտնաբառը մտցնելիս, ինչը կարող է  «անհարմար իրավիճակ» ստեղծել:

Հայտատուների կարծիքով, գաղտնաբառերի եւս մի թերություն է այն, որ օգտատերը կարող է իր բջջայինի վրա միացնել գաղտնաբառերը հիշող գործառույթը եւ սմարթֆոնի գողության դեպքում վճարային գաղտնաբառերը կհայտնվեն չարամիտների ձեռքում: 

Amazon-ի առաջարկած` վճարման հաստատման դեպքում օգտատիրոջ նույնականացման համակարգը լիովին որոշակի գործողություններ է ենթադրում բջջային սարքի տեսախցիկի կամ համակարգչի առաջ, հայտնում է  Re/Code-ը: Օրինակ` գնում իրականացնելու համար անհրաժեշտ կլինի ժպտալ, աչքով անել կամ խոնարհել գլուխը: Դա թույլ կտա մեծ հավաստիությամբ հաստատել գնորդի անձը, որովհետեւ տեսականորեն չարամիտները կարող են օգտվել մարդու ավելի վաղ տպված լուսանկարից համակարգին խաբելու համար: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույնականացման նման համակարգ ներդնելու մտադրության մասին հայտնել էր MasterCard ընկերությունը: Այդ տեխնոլոգիան փորձարկվել է ԱՄՆ-ում եւ Նիդերլանդներում, իսկ այս տարվա ամառվանից մատչելի կդառնա եւս  14 երկրում: