Մոսկվայի դատարանը սեպտեմբերի 21-ին մերժել է Ստալինի թոռան` Եվգենիա Ջուղաշվիլիի դատական հայցը, ով պահանջում է կեղծ համարել Կատինում լեհ սպաների գնդակահարության վերաբերյալ փաստաթղթերը եւ «Ռոսարխիվից» 10 մլն. ռուբլի (շուրջ 321 670 դոլար) գանձել: Այս մասին հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Բերյոզինան:
Նրա խոսքով, դատարանը հրապարակել է դատավճռի միայն հռչակագրային մասը, իսկ հիմնավորումները կհրապարակվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Մամուլի քարտուղարը հայտնել է, որ Ջուղաշվիլին իր հայցում խնդրել է իրականությանը չհամապատասխանող համարել իր պապի պատիվն արատավորող տեղեկությունները` կապված Կատինի գործի հետ: Այդ տեղեկություններն իր կայքում զետեղել է «Ռոսարխիվը»: Այդ նյութերում, մասնավորապես, ներկայացվում է, որ Ստալինը եւ Պոլիտբյուրոյի եւս 5 անդամներ 26 հազար լեհ քաղաքացիների գործերը հանձնել են ՆԳ ժողովրդական կոմիսարիատին, հրահանգելով նրանց նկատմամբ գնդակահարության որոշում կայացնել:




























