Դիմակավորված եւ զինված անհայտ անձը փախչելիս է կրակել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց այսօր`մարտի 16-ին, զինված հարձակման ենթարկված տարադրամի փոխանակման կետի հարեւանությամբ գտնվող ծաղկի սրահի աշխատակցուհին, որի քրոջ մեքենան վնասվել է արձակված կրակոցներից:

«Ոնց որ կինո լիներ, դիմակով էր, սեւ հագած, մեքենան կանգնացրեց, իջավ, գոռաց, թե փողերդ տուր, հետո կրակեց աշխատողի վրա, չկպավ, մի քանի հատ էլ օդ կրակեց, նստեց ավտոն, փախավ»,-ասաց ծաղկի սրահի վաճառողուհին, որը չցանկացավ հրապարակել իր անունը:

Կինը պատմեց, որ քույրը հնչած 1-ին կրակոցից ահաբեկված դուրս է եկել, օգնություն կանչել, ինչից հետո զիված տղամարդը կրակ է արձակել նրա ուղղությամբ, կրկին վրիպել է, գնդակը դիպել է քրոջ մեքենային: Տուժած կինը այս պահին ոստիկանությունում ցուցմունք է տալիս:

 Նշենք, որ դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ոստիկաններ եւ քննիչներ: Տուժողներ չկան,  այս պահին կատարվում են որոնողական աշխատանքներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի  Նոր Նորքի Գայի պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի  հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա զինված քաղաքացին ավազակային հարձակում է գործել: Նա մի քանի կրակոց է արձակել տարադրամի աշխատակցի ուղղությամբ եւ իր մեքենայով դիմել փախուստի: