Nike ընկերությունը ավտոմատ կերպով ինքնաքուղակապվող մարզակոշիկների մոդել է ներկայացրել:
HyperAdapt մարզակոշիկների քուղերն ինքնուրույն են ձգվում այն բանից հետո, երբ կրունկի հատվածում հատուկ տվիչն արձանագրում է, որ ոտքն ամբողջութամբ կոշիկի մեջ է: Քուղերը հնարավոր է ձգել կամ հակառակը` թուլացնել կողմնային կոճակների օգնությամբ:
Ակնկալվում է, որ այս մոդելն առաջինը կդառնա ավտոմատ քուղակապմամբ կոշիկների մի ամբողջ շարքում: Ընկերությունը հույս ունի նման մարզակոշիկների զանգվածային արտադրություն հիմնել: Վաճառքի մեկնարկը նախատեսված է արդեն այս տարում, ընդ որում նման մարզակոշիկների գինն առայժմ չի նշվում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ նման կոշիկի սեփական տարբերակն էր ցուցադրել Puma ընկերությունը: Անցյալ տարվա նոյեմբերին այն ներկայացրել էր Autodisc մարզակոշիկների նախատիպը, որի քուղերը եւս ավտոմատ կերպով են ձգվում, սակայն դրսից հատուկ կոճակ սեղմելիս, ոչ թե ոտքի տեղավորվելուց հետո:
Մարզակոշիկների զանգվածային արտադրություն առայժմ չկա: Ընկերությունը նշել է, որ մտադիր է լրամշակել դրանց լիցքավորման համակարգը, որովհետեւ այժմ այն գործում է USB-մետաղամալուխով, իսկ պոտենցիալ գնորդները կնախընտրեին դրանք լիցքավորել հատուկ գորգի օգնությամբ:
Ավտոմատ քուղավորմամբ մարզակոշիկների գաղափարը ժողովրդականություն է ձեռք բերել 1989-ին «Վերադարձ դեպի ապագա-2» ֆիլմի թողարկումից հետո, որտեղ դրանք կրում էր գլխավոր հերոսը: Այդ մարզակոշիկները Nike ընկերությունը պատվերով էր պատրաստել: Սերիական արտադրության համար պիտանի նմուշների ստեղծման համար ընկերությանը ավելի քան 15 տարի պահանջվեց:




























