Ռուսաստանի հետ բանակցություններում ոչ մի խոչընդոտ չկա։ Այս մասին մարտի 17-ին լրագրողներին ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը՝ մեկնաբանելով հայ-ռուսական գազային բանակցությունները։

«Երբ մի կողմն ուզում է վաճառել, իսկ մյուսը՝ գնել, ապա մեկն ուզում է գինն իջեցնել, իսկ մյուսը՝ բարձրացնել՝ առավելագույնս պաշտպանելով իր շահերը։ Քննարկվում է այդ երկու շահերի համատեղման հարցը»,- ասել է նա։ Անդրադառնալով հարցին, թե կարող է արդյոք որոշում կայացվել ՌԴ վարչապետի առաջիկա հայաստանյան այցի ժամանակ՝ նախարարն ասաց. «Ամեն բան հնարավոր է։ Մենք մեր կողմից ուզում ենք անել այնպես, որ գինը իջնի»։

Հիշեցնենք, որ գազի գինը ժամանակավոր է իջեցվել 2014-ի վերջին  փոխարժեքի անկման նվազման հետեւանքով «Գազպրոմ Արմենիայի» վնասները փոխհատուցելու եւ սպառողների համար սակագները նախկին մակարդակում պահելու համար: Հայկական կողմը բանակցություններ է վարում գնի երկարաժամկետ իջեցման վերաբերյալ: