«Մեւրիկար» շինարարական կազմակերպությունը պնդում է, որ Երեւանի Սարալանջի պողոտայի՝ Անտառային փողոցի մոտակայքում մարտի 16-ի գիշերն իրենց կառուցած բետոնե հենապատը չի փլուզվել:

«Առաջին մասը կառուցվել է դեռեւս խորհրդային տարիներին՝ մոտ 2.5 մետր, այնուհետեւ 2007 թվականին Լինսի հիմնադրամը եւս 3.5 մետր ավելացրել է: Մեր ընկերությունն արել է 3-րդ հատվածը: Մարտի 16-ի գիշերը փլուզվել է երկրորդ հատվածը, ինչի հետեւանքով էլ մեր սարքածն է փլուզվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կազմակերպության աշխղեկ Գագիկ Ստեփանյանը՝ նշելով, որ փորձաքննությամբ նույնպես դա կապացուցվի:

Շինարարի խոսքով՝ իրենք ոչ մի կանոն չեն խախտել, նախագծային որեւէ շեղում չի եղել:

«Շինարարությունը մենք վերջացրել ենք 2015 թվականի հունիսին: Ամեն ինչ արվել է նախագծին համապատասխան, բոլոր չափանիշներով»,- ասաց Գագիկ Ստեփանյանը:

Ով է այդ պատասխանատու փլուզման համար՝ դեռեւս պարզ չէ: Նշենք միայն, որ շինթույլտվություն տրամադրած Երեւանի քաղաքապետարանը ժամանակին չէր ներկայացրել նախորդ երկու շինարարությունների թույլտվության փաստաթղթերը:

Ավելի վաղ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 16-ին, ժամը 04:49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 ք.մ.), ինչի հետեւանքով երթեւեկությունը խափանվել է:

Պարզվել է, որ Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15 մ երկարությամբ եւ 8 մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է եւ թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթեւեկելի հատվածը: Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա, նկատվել են մոտ 5 մ երկարությամբ եւ 0.7 սմ լայնությամբ ճաքեր, փրկարարները ժապավենով սահմանազատել են շենքի հարակից վտանգավոր հատվածը:

Նշենք, որ ըստ Երեւանի քաղաքապետարանի, պատվիրատուի առջեւ արդեն իսկ պահանջ է դրվել օրենսդրությամբ կառուցապատողին վերապահված պարտականությունների շրջանակում սեղմ ժամկետում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ փլուզման հետեւանքները վերացնելու եւ նոր հենապատ կառուցելու ուղղությամբ: