ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին մարտի 17-ին մամուլի համար արված հայտարարության մեջ Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» կողմից քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի, ինչպես նաեւ եզդիների եւ շիաների նկատմամբ իրականացվող սպանությունները ցեղասպանություն է որակել եւ առանձնացրել հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման փաստը։

«Մենք գիտենք, որ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ԻՊ-ը պարբերաբար ոչնչացրել է անտիկ մշակութային հուշարձաններ՝ ավերելով հայկական եկեղեցիները, Սիրիայի ուղղափառ եւ Հռոմեական կաթոլիկ եկեղեցիները, պայթեցնելով վանքեր եւ մարգարեների գերեզմաններ, պղծել սրբավայրեր»,- ասել է Քերրին, ով զինված խմբավորմանն անվանել է ցեղասպան խումբ։

«Փաստն այն է, որ ԻՊ-ը սպանում է քրիստոնյաներին միայն որովհետեւ նրանք քրիստոնյա են, եզդիներին՝ որովհետեւ եզդի են, շիաներին՝ որովհետեւ շիա են»,- ասել է Քերրին՝ նշելով, որ խմբավորման աշխարհայացքը հիմնված է ալյախոհներին ոչնչացնելու վրա։

Նշենք, որ 2004թ. Դարֆուրի ցեղասպանությունից հետո առաջին անգամ Քերրիի հայտարարությամբ ԱՄՆ-ն օգտագործում է ցեղասպանություն եզրը ընթացող հակամարտությանը որակավորում տալու համար։