«Խաղողի մթերման գործընթացն այս տարի ուղեկցվում է մի աննախադեպ քարոզչական արշավով, որը նպատակ ունի ցույց տալ, թե որքան են իշխանությունները մտահոգված «հասարակ գյուղացիների» վիճակով եւ ինչ գերմարդկային ճիգեր են գործադրում, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց խաղողը»,-գրում է «ՉԻ»-ն: Թերթը նկատում է, որ իշխանությունները հարցը ներկայացնում են այնպես, որ իրենք են խնդրել-համոզել գործարարներին, որ գյուղացիների «խաթրը չկոտրեն» ու մթերեն խաղողը՝ եթե նույնիսկ իրենց դա պետք  չէ: «Եւ ահա գրեթե ամեն օր լրատվամիջոցների տեսադաշտում է հայտնվում հերթական «բարեգործ» գործարանատերն ու ազդարարում, որ ճգնաժամ է, գործերը լավ չեն, իրեն առավելագույնը մի 2-3 հազար տոննա խաղող էր պետք, բայց ինքը «հանուն ազգի» որոշել է 6-7 տոննա մթերել...

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում: Նախ՝ խաղողի մթերման «պաշտոնական» գինը (կիլոգրամը 120-130 դրամ) շատ ցածր է՝ եթե հաշվի առնենք, թե ինչ գնով են վաճառվում հայկական կոնյակն ու գինին (հատկապես արտասահմանում): Երկրորդ՝ճգնաժամի մասին խոսակցություններն այս դեպքում ավելորդ են, որովհետեւ եթե նույնիսկ ներկայումս կոնյակի սպառման ծավալները նվազել են, դա դեռ ոչինչ չի նշանակում: Հասկանալի է, չէ՞, որ այս տարվա բերքը կոնյակ է դառնալու առնվազն երեք տարի հետո, եւ գործարանատերերի համար առանձնապես նշանակություն չունի՝ հիմա ճգնաժա՞մ է, թե ոչ: Առավել եւս, որ կոնյակի սպիրտը հենց այնպես տակառներում պահելն  ինքնին կարգին բիզնես է. ինչքան երկար մնա «չսպառված», այնքան արժեքը բարձրանում է: Մի խոսքով՝ ակնհայտ է, որ նման գներով խաղող մթերելը կարգին շահութաբեր բիզնես է, եւ դրանով զբաղվելը որպես չտեսնված-չլսված բարեգործություն ներկայացնելը պարզապես ծիծաղելի է»,-նկատում է պարբերականը: