Այս տարի իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելի շատ է, քան անցած տարի: Այս մասին այսօր` մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տաթեւ» տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը` նշելով, որ մարտի 21-ից սկսվում է Նովրուզը եւ այդ օրերին Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների համար տեղի կունենան իրանցի երգիչների մասնակցությամբ համերգային ծրագրեր:
Առլեն Դավուդյանի խոսքով, եթե անցած տարի Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան օրական ընդամենը մեկ չվերթ է իրականացվել, ապա այս տարի նախատեսվում է օրական 3-4 թռիչք: Ըստ նրա` դեպի Հայաստան մարտի 21-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է շուրջ 60 թռիչք, բացի այդ նախատեսվում է, որ ցամաքային ճանապարհով շուրջ 5 հազար զբոսաշրջիկ է գալու Հայաստան, իսկ օդային ճանապարհով` 4-5 հազար:
«Շուրջ 10 հազար իրանցի զբոսաշրջիկ կունենանք այս տարի: Ինքնաթիռի տոմսի արժեքը 110-170 հազար դրամի սահմանում է: Այս տարի նաեւ աշխատել ենք հյուրանոցների հետ եւ գներն ավելի մատչելի են: Մարտին Հայաստանում տուրիզմի շրջան չէ եւ հիմնականում հյուրանոցների հետ կապված խնդիրներ չենք ունենում»,-ասաց նա:
Առլեն Դավուդյանը նշեց, որ իրանցի զբոսաշրջիկների այս տարվա մեծ հոսքը պայմանավորված է նաեւ Թուրքիայի անկայուն վիճակով, նրանք սկսել են Թուրքիայի փոխարեն գալ Հայաստան. «Այնտեղ անընդհատ պայթյուններ են տեղի ունենում եւ սահմանափակվել է Թուրքիա գնացող ուղեւորների քանակը» :



























