Մեքենայի երաժշտությունն այնքան բարձր էր, որ վարորդը գնացքի սուլոցը չի լսել, գնացքը եկել խփել-տարել է 180 մետր: Այս մասին այսօր` մարտի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մասիս քաղաքի Գործարանային փողոցին հարակից երկաթգծի հերթապահ Վաչագան Վարդանյանը:

«Վարորդը չի տեսել, որ գնացքը գալիս է, մեքենայի երաժշտությունն էնքան բարձր էր, որ գնացքի սուլոցը չի լսել, գնացքը եկել խփել, 180 մետր էն կողմ է տարել»,- ասաց Վաչագան Վարդանյանը:

Նրա խոսքով` 29-ամյա վարորդ Էդգար Զոհրաբյանը չի նկատել նաեւ երկաթգծի հերթապահի լուսային ազդանշանը, շրջանցել է ուղեփակոցը` բախվելով Նորագավիթից եկող գնացքին:

«Գնացքի գալու ժամերին միշտ հերթապահը կանգնում է, ցերեկը դրոշակներն է պարզում, գիշերը` լապտերով լուսային ազդանշան տալիս, որ վարորդները զգուշանան գնացքից ու կանգնեն: Բացի այդ, լուսակրի կարմիր լույսն անընդհատ վառվում-անջատվում է, բայց վարորդը երկուսն էլ չի նկատել, բախվել է գնացքին»,- ասաց երկաթգի հերթապահը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մոտ գնացքին բախված մեքենայի վարորդը կայուն ծանր վիճակում է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին «Էրեբունի» ԲԿ-ից, որտեղ գտնվում է 29-ամյա Էդգար Զոհրաբյանը: Երիտասարդը ողնաշարի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ, ազդոսկրի կոտրվածք ունի:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին, ժամը 23:00-ի սահմանում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան եւ էլեկտրագնացքը, ինչի հետեւանքով Զոհրաբյանը հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր եւ տեղափոխել Երեւան: