Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհի 20-ամյա Արփինե Իսրայելյանը, ով նախօրեին վթարի էր ենթարկվել, իրեն լավ է զգում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ Հունանյանը: Նա  հավելեց, որ դերասանուհու բազուկոսկրի՝ մոտ երեք ժամ տեւած  վիրահատությունը նորմալ է անցել, եւ հույս հայտնեց, որ Արփինեն շուտ կապաքինվի: Արփինե Իսրայելյանը վիրահատվել է երեկ՝ սեպտեմբերի 21-ին:

Ինչ վերաբերում է վթարի հետեւանքով նույն հիվանդանոց տեղափոխված Ներսես Սեդրակյանին, ով  հեռուստասերիալի նկարիչն է, նրան այս պահին վիրահատում են: Նա վթարի հետեւանքով նախաբազկի կոտրվածք է ստացել:  

Վթարի փաստը սերիալի երկրպագուների շրջանում մեծ մտահոգություն է առաջացրել: Խոսակցություններ են շրջանառվում, թե սերիալի ցուցադրությունը  ժամանակավորապես կդադարեցվի: Սակայն, սերիալի  պրոդյուսեր Ռուբեն Շահինյանի հավաստմամբ, սերիալի ցուցադրությունը չի հետաձգվի, պարզապես Արփինեի դերակատարմամբ որոշ տեսարանների նկարահանումները կհետաձգվեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 23:30-ի սահմաններում Լենինգրադյան եւ Շինարարներ փողոցների հատման հատվածում իրար էին բախվել «Մերսեդես ML» մակնիշի 60 SO 101, «Օպել» մակնիշի 22 OS 803 եւ «Կոմս» տաքսի ծառայության «ՎԱԶ» 2107 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Մերսեդեսի ուղեւորներ 21-ամյա Հովհաննես Վադիմի Սպարտալյանը եւ 20-ամյա Սերգեյ Վարդանի Հակոբյանը, «Օպել» մեքենայի վարորդ 25-ամյա Ներսես Վարդանի Սեդրակյանը եւ ուղեւոր 20-ամյա Արփինե Աշոտի Իսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: