Twitter-ում գործող մեկ հաղորդագրության համար 140 նիշի սահմանափակումն ուժի մեջ կմնա: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Ջեք Դորսին:

«Այն մնում է: Դա լավ սահմանափակում է մեզ համար, այն թույլ է տալիս ավելի հակիրճ լինել»,- NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Դորսին:

Այդպիսով ընկերության ղեկավարը հերքել է պարբերաբար լրատվամիջոցներում հայտնվող տեղեկություններն այն մասին, որ շուտով Twitter-ը մտադիր է վերացնել մեկ գրառման համար նիշերի թվի սահմանափակումը:

Ըստ ՏԱՍՍ-ի, 140 նիշի սահմանափակումը գործում է 2006 թվականի մարտից՝ ծառայության հիմնադրումից ի վեր: