Սահմանի եւ մաքսային կետերի՝ ժամանակակից տեխնիկայով ապահովումը մեր ազգային անվտանգության տեսակետից շատ կարեւոր գործոններ են: Ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովը շուտափույթ կարգով Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանն է ներկայացնելու Հայաստանի սահմանների անվտանգության ռազմավարությունը, որի հիման վրա էլ մշակվելու եւ իրականացվելու են գործողությունների ծրագիրը: Այդ մասին «Հարավային Կովկասում սահմանների համատեղ կառավարում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 22-ին կայացած նիստում հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նրա կարծիքով, Հայաստանը պետք է հասնի այն մակարդակին, որ Եվրամիության աջակցությամբ մաքսային կետերը սպառազինվեն ժամանակակից տեխնիկայով: Ըստ ծրագրի՝ հայկական կողմից ընտրվել է Բագրատաշեն մաքսակետը, վրացական կողմից՝ Սադախլոն: Ըստ հաշվարկների՝ արդեն եկող տարի մաքսակետերը նոր տեխնիկա կունենան:
Անդրադառնալով Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ադրբեջան համագործակցությանը՝ Բաղդասարյանը նշել է. «Հայաստանը սահման ունի նաեւ Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, մեզնից հստակ դիֆերենցված մոտեցումներ է պահանջվում ամեն երկրի դեպքում: Հաշվի առնելով հանգամանքը, որ մենք որեւէ հարաբերություն չունենք Ադրբեջանի հետ, այդ ծրագրի շրջանակներում ուշադրությունը դարձվելու է միայն Վրաստանի հետ սահմանին եւ հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանը: Հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանի պաշտպանությունն իրականացնում են ռուս սահմանապահները: Այդ իմաստով Հայաստանում պետական սահմանների պաշտպանության հետաքրքիր մոդել է գործում: Հենց այդ պատճառով էլ ռազմավարության փաստաթղթում ի գիտություն է ընդունվել մեր ռուս գործընկերների եւ Եվրամիության առաջարկությունները»:
Փաստաթուղթը հաստատվելու է նախագահի կողմից առաջիկա ամսվա ընթացքում, ինչից հետո կառավարությունը կմշակի համապատասխան ծրագիրը:
Խոսելով հայ-վրացական սահմանի վիճելի տարածքի ամսին՝ Բաղդասարյանը հստակեցրել է. «Տվյալ ծրագիրը չի ներառում սահմանի վիճելի տարածքի հարցի լուծում, դրա նպատակն ավելի գլոբալ խնդիրների լուծումն է: Վիճելի հարցերը շատ արագ իրենց լուծումը կստանան: Մենք լուրջ խնդիրներ չունենք վրացական կողմի հետ»:
Նշենք, որ ծրագրի նպատակն է Հարավային Կովկասում սահմանների համատեղ կառավարումը: Նախագիծը միտված է երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցությանը: Ծրագրի արժեքը 6 մլն 300 հազար եվրո է, որից 1 մլն 300 հազարը ուղղվելու է Հայաստանում նախագծի իրականացմանը:





























