Մոսկվայում Ռոստովի մարզի ներկայացուցչության մոտ մարդիկ ծաղիկներ են դնում՝ ի հիշատակ Դոնի Ռոստովի օդանավակայանում ավիավթարի զոհերի: Հայտնի է, որ FlyDubai ավիաընկերության Boeing օդանավի 55 ուղեւորներից 40-ը Ռոստովի մարզի բնակիչներ են եղել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Դոդնի Ռոստովի օդանավակայանի տերմինալի մոտ մարդիկ նույնպես ծաղիկներ են դնում եւ մոմեր վառում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը, որը ժամանում էր Դուբայից: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս պահին դեռեւս հայտնի չէ վթարի պատճառը: Նախնական տեղեկություններով, 3 հիմնական պատճառ է նշվում՝ օդաչուների սխալը, վատ եղանակային պայմանները եւ տեխնիկական անսարքությունը:











