Կուբայի բնակիչները հույսեր են փայփայում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցն իրենց կյանքը դեպի լավը կփոխի, գրում է The Financial Times-ը։

Պարբերականը նշում է, որ հատկապես մեծ հույսեր  կան տնտեսական շփումներ հաստատելու առումով։ Ներկայումս հիմնական ապրանքները ներմուծվում են Եվրոպայից, Չինաստանից, Կանադայից, Բրազիլիաից, եւ դրանք շատ թանկ են։ Կուբացիները հավատում են, որ խանութներում ավելի էժան եւ բազմատեսակ ապրանքներ կհայտնվեն։ Մյուսները հույս ունեն, որ մարդու իրավունքների շուրջ իրավիճակը կբարելավվի, քանի որ խոսքի, կրոնի ազատությունն ու համացանցի հասանելիության իրավունքը նույնպես օրակարգում են։

Սակայն իրականությունը կարող է այդքան էլ հրաշալի չլինել, շարունակում է The Financial Times-ը։ Դեռեւս չենք կարող խոսել երկու երկրների միջեւ հարաբերություններում առաջընթացից։ Թեպետ Կուբայի նկատմամբ պատժամիջոցները թուլացել են, սակայն այդ միջոցները մեծամասամբ անարդյունավետ են եղել։ Ամերիկյան ընկերություններին մինչեւ հիմա մեծ տուգանքներ են սպառնում Կուբայի հետ առեւտրական կապեր հաստատելու համար։