Ազգային վիճակագրական ծառայության այսօր` սեպտեմբերի 22-ին հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-օգոստոսին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3,1 տոկոսով, այսինքն՝ տնտեսական աճի տեմպը շարունակում է դանդաղել։ Նշենք, որ տարվա ընթացքում ՀՆԱ աճն առավելագույն պիկին հասել է հունվար- մայիսին եւ կազմել 8,8 տոկոս։ Դրանից հետո աճի տեմպը դանդաղել է եւ հունվար-հուլիսին, օրինակ, 4 տոկոս էր։ Հայաստանի իշխանությունները աճի տեմպի դանդաղումը պատճառաբանում են հիմնականում գյուղատնտեսության սեզոնային անկմամբ։ Նշենք, որ գյուղատնտեսության անկումը հունվար-օգոստոս ժամանակահատվածում 18 տոկոս է։ Առաջին անգամ այս տարի անկում է արձանագրվել նաեւ շինարարությունում՝ 2,4 տոկոս։ Տնտեսականն աճը հիմնականում պահպանվել է արդյունաբերությունում գրանցված բավականին բարձր՝ 11,5 տոկոս աճի շնորհիվ։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական բյուջեի հաշվարկների հիմքում ընկած է ՀՆԱ-ի տարեկան 1, 2 տոկոս աճի կանխատեսումը։