Ucom-ը օգտագործում է Orange Armenia–ի փորձը OTT (Over-the-top) ծառայությունների զարգացման գործում : Այս մասին լրագրողներին մարտի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ընկերության առեւտրային տնօրեն Արամ Բարսեղյանը:

«Շնորհակալություն ենք հայտնում Orange Armenia–ին բջջային ինտերնետի ու բջջային հավելվածների տեսքով OTT ծառայությունների զարգացման համար: Մենք նույնպես մեր բաժանորդներին ինտերնետային նոր ծառայություններ կառաջարկենք: Այս ուղղությամբ է շարժվում ամբողջ աշխարհի հեռահաղորդակցության բիզնեսը՝ կրճատվում է ավանդական ձայնային ծառայությունների մասնաբաժինը ու աճում ինտերնետային ծառայությունները ու դրա հիմքով սպասարկումը : Մենք այդ միտումից հետ չենք մնա»,- նշել է Բարսեղյանը : Մասնավորապես ընկերությունը կշարունակի տարածել «չորսը մեկում» ու «հինգը մեկում» ծառայությունների փաթեթներ, զարգացնել ինտերնետի միջոցով վճարումների համակարգը, նաեւ բջջային հեռուստատեսության ծառայությունները եւ LTE (4G) ցանցի հզորությունները:

«Համապատասխանաբար մենք կընդլայնենք նաեւ մեր սպասարկման սրահների ցանցը ( դրանց կմիանան նաեւ Orange-ի նախկին սրահները՝ խմբ.): Դրանց թիվը կհասնի 80-ի : Եվ եթե առաջ ստիպված էիք 2 մասնաճյուղ մտնել, հիմա բավական կլինի մտնել մեկը ու ստանալ հեռահաղորդակցության ծառայությունների լայն հավաքածու» - հավելել է նա:

Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսի 22-ին Orange Armenia-ն (ֆրանսիական Orange հեռահաղորդակցային խմբի մի մաս) հայտարարել է հայկական շուկայից հեռանալու մասին: Որպես պատճառ ընկերությունը նշել է հեռանկարի բացակայությունը: Եկամուտների ներկա մակարդակի պայմաններում ընկերությունը չէր տեսնում տեխնոլոգիական զարգացման հնարավորություններ: Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք է բերել հայկական Ucom ընկերությունը: