«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի նպատակն է քանդել կուսակցությունը: Այսօր` մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Աշխատանքի եւ սոցիալակաան հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը, որն օրեր առաջ հեռացել է ԲՀԿ-ից:

«Նաիրա Զոհրաբյանը հեռու է քաղաքականությունից, նա արդեն հասցրել է խայտառակել իրեն միջազգային կառույցներում: Նաիրա Զոհրաբյանի նպատակն է քանդել կուսակցությունը, նույնիսկ գաղափարախոսություն չունի կուսակցությունը: Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է գաղափարախոսությունից, քանի որ նա իրականությանը, իրադրությանը հարմարվելու լավ ունակություն ունի»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Նախկին նախարարը հայտնեց, որ իր եւ Նաիրա Զոհրաբյանի միջեւ խնդիրներն առաջացել են հենց առաջին օրերից, երբ ինքն առաջարկել է արտահերթ համագումարի օրակարգում ներառել կարեւորագույն հարցեր:

«Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնվեց… Մեր միջեւ անձնական կռիվ չէ»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Ավանի ԲՀԿ տարածքային կառավարման խորհուրդը մարտի 12-ին որոշում էր կայացրել Գեւորգ Պետրոսյանին հեռացնել կուսակցության շարքերից:

Գեւորգ Պետրոսյանը 2010թ. Սոցապ նախարարի պաշտոնից հեռացվելուց հետո, լքել էր նաեւ ԲՀԿ շարքերը, հինգ տարի անց կրկին վերադարձել: Գեւորգ Պետրոսյանը սակայն, վերջին շրջանում ԲՀԿ-ին քննադատել էր սոցցանցերում: