Մինչեւ ամռան վերջ Հայաստանի բաժանորդները կարող են Ucom-ի ցանցի աշխատանքի մեջ որակական փոփոխություններ տեսնել։ Այս մասին մարտի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Մասնավորապես հիմա ընկերությունը վերազինում է LTE (4G) ցանցը եւ մեծացնում է 3G ծածկույթը։ Մոտ ապագայում այն փորձնական ռեժիմով ցույց կտա իր աշխատանքի արդյունքը։ «Մենք արդեն այնպիսի մեծ 3G ծածկույթ ունենք, ինչպիսին անգամ արտասահմանում ամեն տեղ չէ, որ կա։ Մեր աշխատանքի արդյունքում բաժանորդները կարող են ավելի լավ գնի եւ որակի համադրություն ստանալ»,- հավելել է Եսայանը։
Նրա խոսքով՝ երկու ապրանքանիշերի միաձուլումը չի հանգեցնի անձնակազմի կրճատման։ Ընդհակառակը, եթե հիմա ընկերությունում աշխատում է մոտ 1600 մարդ, ապա մինչեւ տարեվերջ այդ թիվը պլանավորվում է հասցնել 1800-ի։
Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսի 22-ին Orange Armenia-ն (ֆրանսիական Orange հեռահաղորդակցային խմբի մի մաս) հայտարարել է հայկական շուկայից հեռանալու մասին: Որպես պատճառ ընկերությունը նշել է հեռանկարի բացակայությունը: Եկամուտների ներկա մակարդակի պայմաններում ընկերությունը չէր տեսնում տեխնոլոգիական զարգացման հնարավորություններ: Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք է բերել հայկական Ucom ընկերությունը:





























