Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, անտառագետ չէր, նա «Հայանտառում» սովորում էր: Այս մասին այսօր` մարտի 21-ին, ասուլիսի ժամանակ նշել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը:

«Նա անտառագետ չէր, իմ օգնականն էր, սկսել էր սովորել, ուսումնասիրել»,- նշեց Մարտուն Մաթեւոսյանը:

Նա դժվարացավ ասել, թե հատկապես ինչ ներդրումներ է ունեցել Տիգրան Խաչատրյանը  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կայացման եւ զարգացման գործում` նշելով, որ Տիգրան Խաչատրյանի խնդիրը դա չէր:

«Դժվար է այդ հարցին պատասխանելը, որովհետեւ նրա խնդիրը ներդրումներ անելը չէր, սովորում էր ինքը: Նա իմ օգնականն էր, իսկ օգնականը կարող է նաեւ անտառագետ չլինել»,- նշեց Մարտուն Մաթեւոսյանը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնում աշխատանքի էր անցել  2015թ. նոյեմբերի 2-ին: Իսկ արդեն 2016-ի փետրվարի 1-ին, իր դիմումի համաձայն ազատվել  այդ պաշտոնից:

Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը հուլիսի 27-ից կալանավորված էր, նա մեղադրվում էր «Սդղի գյոլ»-ում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Զաքարյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ: Սակայն հոկտեմբերի 1-ին Խաչատրյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: