ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կուբա պատմական այցի ընթացքում հայտնել է, որ Google ընկերությունը նախատեսել է ընդլայնել կղզում համացանցի մատչելիությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք արդեն թուլացրել ենք մի շարք սահմանափակումներ ոչ միայն ֆինանսական սեկտորում, այլեւ` տեղեկատվության: Ընկերությունները կսկսեն գալ այստեղ: Այստեղ մեր անելիք հայտարարություններից մեկը վերաբերում է այն բանին, որ Google-ը համաձայնագիր է ստորագրել կղզում WiFi մուտքի բազմաթիվ կետեր տեղադրելու եւ համացանցի լայնագիծ մատչելիության ընդլայնման վերաբերյալ», — ABC News-ին տված հարցազրույցում ասել է Օբաման:
ԱՄՆ-ի նախագահը Կուբա է եկել կիրակի, նրա այցը կտեւի մինչեւ երեքշաբթի: Օբամայի այցը հնարավոր է դարձել 2014-ի դեկտեմբերին ԱՄՆ-ի եւ Կուբայի կողմից հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունից եւ հուլիսին ավելի քան 50 տարի առաջ` Ազատության կղզում հեղափոխությունից հետո ընդհատված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո:





























