Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիայի նահանգի աստղագետները էկզոմոլորակ են հայտնաբերել հետաքրքրաշարժ, ձգված ուղեծրով, որը բնորոշ է գիսաստղերին, հայտնում է Lenta-ն:

HD 20782 անվանված մոլորակը ուղեծրի  0,96 էքսցենտրիսիտետ ունի. Դա նշանակում է, որ աստղի շուրջ նրա շարժման հետագիծն իրենից ներկայացնում է խտացած ձվածիր:  Մեծ էքսցենտրիսիտետ են ունենում միայն որոշ գիսաստղեր: Սակայն   HD 20782-ը շատ է տարբերվում գիսաստղից, որովհետեւ իր զանգվածով համեմատելի է Յուպիտերի հետ:    

Իր ուղեծրի ամենահեռավոր կետում էկզոմոլորակն աստղից հեռանում է  2,5 անգամ ավելի, քան երկիրը` արեւից: Միաժամանակ մոլորակը պարբերաբար մոտենում է աստղի  շիկացած մակերեւույթին` անհամեմատ ավելի, քան Մերկուրին` արեւին: Այդ մոլորակի վրա տարին 597 օր ունի:

HD 20782-ը արեգակնային համակարգից հեռացած է 117 լուսային տարով: Այն հայտնաբերել են անցողական մեթոդի օգնությամբ, որը կայանում է աստղի սկավառակի ֆոնի վրա մոլորակների անցմանը հետեւելու մեջ:  Չնայած մեծ հեռավորությանը` գիտնականներին հաջողվել է լույսի բռնկում արձանագրել, որն էկզոմոլորակի մթնոլորտից արտացոլվել է ծնող աստղից մոտ հեռավորության վրա անցնելու ընթացքում: Աստղագետները նախատեսում են  ուսումնասիրել արտացոլված ճառագայթման սպեկտրալ բնութագրերը` որոշելու հեռավոր աշխարհի մթնոլորտի կազմը եւ կառուցվածքը:   

Գիտնականները HD 20782-ի տարօրինակ ուղեծիրը բացատրում են նրանով, որ ի սկզբանե համակարգում կարող էր անկայուն ուղեծրերով մի քանի մոլորակ լինել: Ինչ-որ պահի դրանք չափազանց մոտեցել են իրար, ինչի հետեւանքով նրանցից մեկը դուրս է թռել համակարգի սահմաններից, մինչդեռ մյուսը ձեռք է բերել իր ձգված ուղեծիրը:   

Ավելի վաղ աստղագետները հայտնաբերել էին աստղից ամենահեռավոր ուղեծրով էկզոմոլորակ, որը յոթ հազար անգամ ավելի հեռու է, քան երկրից արեւ հեռավորությունը:  2016-ի մարտի 17-ի դրությամբ ընդհանուր առմամբ 1988 էկզոմոլորակ է հայտնաբերվել: