Մարտի 21-ին Երեւանում հանդիսավորությամբ նշեցին Նովրուզը՝ իրանական 1395-րդ Նոր տարին: Հայաստանի Իրանի իսլամական հանրապետության դեսպանությունն «Արամ Խաչատրյան» համերգասրայում հայ-իրանական երաժշտության համերգ էր կազմակերպել: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Տոնական համերգի ընթացքում հնչեցին իրանական «Խազան» խմբի կատարումները:

Համերգից առաջ հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ եւ գնել իրանական մշակույթի ցուցահանդեսին ներկայացված ցուցանմուշները:

Նովրուզն իրանական օրացույցի առաջին օրն է, գարնան սկիզբը: «Նովրուզ» բառը տաջիկա-պարսկերենից թարգմանաբար նշանակում է «նոր օր»: Իրանում տոնը սովորաբար նշվում է 13 օր շարունակ: Հնագույն սովորույթի համաձայն, Նովրուզից առաջ մարդիկ պետք է մաքրեն տունն ու շրջակայքը, փակեն պարտքերը: Նովրուզի ավանդական արարողության մաս է կազմում խաֆտ սինը (պարսկերեն՝ هفت سین‎): Այն բաղկացած է յոթ տարրերից, որոնցից յուրաքանչյուրի անվանումը սկսվում է «Ս» տառով (S կամ Sîn (س)՝ պարսկական այբուբենում).

1. سیر (սիր) - սխտոր, բժշկության խորհրդանիշը; 2. سیب (սիբ) - խնձոր, գեղեցկության եւ առողջության խորհրդանիշը; 3. سبزه (սաբզի) - սածիլ (ցորենի կամ ոսպի), բնության վերածննդի խորհրդանիշը;  4. سنجد (սենջեդ) - չիչխան, սիրո խորհրդանիշը; 5. سرکه (սերկե) - քացախ, իմաստության եւ համբերատարության խորհրդանիշ; 6. سمنو (սամանու) - հացի պուդինգ, բարեկեցության խորհրդանիշ; 7. سماق (սոմագ) – սումախ (աղտոր), արեւածագի խորհրդանիշ: