79 տարեկանում մահացել է ազգությամբ հունգար, ամերիկացի գործարար Էնդրյու Գրոուվը, ով Intel կորպորացիայի հիմնադիրներից մեկն էր եւ նրա նախկին ղեկավարը: Այս մասին ասվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում:

1968 թվականին նա Ռոբերտ Նոյսի, Գորդոն Մուրի եւ Fairchild Semiconductor-ի այլ աշխատակիցների հետ միասին հիմնադրել է Intel-ը, որի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից թոշակի է անցել 2005 թվականին, հաղորդում է  Gazeta-ն:

Կորպորացիայի ներկա ղեկավար Բրայան Կրզանիչն իր ցավակցություններն է հայտնել եւ նշել. «Էնդին հնարավորություն էր տալիս, որ անհնարինը նորից ու նորից տեղի ունենա: Նա ոգեշնչել է ճարտարագետների ու ձեռնարկատերերի սերունդների»:

Apple-ի ղեկավար Թիմ Քուքն իր հերթին Twitter-ում գրել է. «Էնդի Գրոուվը տեխնոլոգիաների աշխարհի հսկաներից մեկն էր: Նա սիրում էր մեր երկիրը եւ Ամերիկայում ամեն լավ բանի մարմնացումն էր: Հանգչիր խաղաղությամբ»:

Intel-ի հաղորդագրությունում նշվում է, որ Գրոուվի ղեկավարությամբ ընկերությունը թողարկել է 386 չիպերը եւ Pentium-ը, որոնք անհատական համակարգիչների զանգվածային արտադրության խթան հանդիսացան: