Աշխարհի բոլոր պառլամենտներն են այդպիսին, այնպես որ նիստի ժամանակ, իհարկե, հայհոյանք էլ է լինում,  մարդու էլ են փորձում ինչ-որ մի բան անել: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով Առաքել Մովսիսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ օրեր առաջ ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին: 

«Կհայհոյեն, մարդիկ իրար մի բան էլ կանեն, պառլամենտական օրենքներ են»,-ընդգծել է նա:

Լրագրողների դիտարկմանը, թե նման դեպքերը մշտապես տեղի են ունենում հենց ՀՀԿ-ականների մասնակցությամբ, ԱԺ նախագահն արձագանքել է. «Հատկապես ձեզ այդպես պիտի թվա, որովհետեւ ՀՀԿ-ականները իշխանության մեջ են: Նրանք, ովքեր իշխանության մեջ են, ինչ էլ որ ասեն, բոլորի համար հաճելի է, քանի որ իշխանության մեջ են»,-ասել է Գալուստ Սահակյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 16-ին Հայաստանի խորհրդարանի դահլիճում հայհոյանքով ուղեկցված խոսքակռիվ է տեղի ունեցել իշխանության եւ ընդդիմության պատգամավորների միջեւ:

Երբ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրել է ոչ կեմպետենտ լինելու մեջ, ՀՀԿ-ական պատգամավորները վիրավորական արտահայտություններ են արել Փաշինյանի հասցեին եւ համարժեք պատասխան ստացել:

«Այ  տղա, քո հետ եմ»,-տեղից բղավել է ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը։  ՀՀԿ-ից մեկ այլ պատգամավոր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս) իր հերթին Նիկոլ Փաշինյանին անվանել է «համբալ, անասուն, դիշովկա» ու ստացավ հակահարված. «Համբալը դու ես, այ տղա, դիշովկան դու ես, դու քեզ ում տեղն ես դրել, վափշե»: