ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտի 17-ին 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանին սպանել են, ոչ թե մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով:
NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քննությամբ ձեռնարկված քննչական գործողություննների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դիտավորյալ սպանություն է տեղի ունեցել:
Գործով մեղադրանք է առաջադրվել Հարությունյանի ծառայակիցներից մեկին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովհաննես Հարությունյանը, նախնական տվյալներով, մահացել է 2016թ. մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նշենք, որ Հովհաննեսը ծնունդով Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից էր, նրանց ընտանիքը տարիներ առաջ Արեւիկից տեղափոխվել էր Աշտարակ:





























