Բրյուսելում Եվրահանձնաժողովի շտաբ բնակարանի մոտ իջեցվել են Եվրամիության դրոշները՝ որպես համերաշխության նշան Բելգիայի հետ, որի մայրաքաղաքում հաստատված տվյալներով երեք ահաբեկչական հարձակում է եղել, հայտնում է The Guardian–ը: Եվրահանձնաժողովի շենքը գտնվում է մետրոյի Մալբեք կայարանի մոտ, որտեղ որոտացել է պայթյուններից մեկը:
Մինչ այդ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ցավակցություն էր հայտնել Բրյուսելում կատարված ահաբեկչությունների կապակցությամբ: Նա նաեւ այդ ահաբեկչությունները անվանել էր «վախկոտ հարձակում»: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, մեկնաբանելով բրյուսելյան իրադարձությունները, հայտնել է, որ Եվրոպան «պատերազմի» վիճակում է: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ահաբեկչությունների մասին հայտարարություն անելու ժամանակ սկսել է արտասվել ու ստիպված է եղել ընդհատել մամուլի ասուլիսը:
Բելգիայի Զավենտեմ օդանավակայանում որոտացած երկու պայթյունների հետեւանքով 11 մարդ է զոհվել: Իսկ մետրոյի Մալբեք կայարանի մոտ կատարված ահաբեկչությունը եւս 15 մարդու կյանք է խլել: Երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը հասցվել է առավելագույնի՝ չորրորդի: Ահաբեկչությունների կապակցությամբ փակվել է Ֆրանսիայի հետ սահմանը, հայտնում է Gazeta–ն:





























