Հայտնի է դարձել այն «ոչ ադեկվատ օտարերկրացու» անունը, որը մի քանի օր առաջ Կիեւի օդանավակայանում իրարանցում էր առաջացրել: Պարզվում է որ նա Ռուսաստանից Բաքու արտաքսված «օրենքով գող» Դադաշ Իբրահիմովն է, որը քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Բաքվեցի Դադաշ:
Ինչպես հայտնել է haqqin.az –ը, վկայակոչելով crimerussia.ru–ը, ժամանելով Ադրբեջան՝ Դադաշ Իբրահիմովն օդանավի տոմս էր գնել Կիեւ մեկնելու համար: Արդեն Կիեւի օդանավակայանում «օրենքով գողը» որոշել է ծխել հենց թռիչքի գոտում: Իրավախախտումը նկատել են Ուկրաինայի պարեկային ոստիկանության աշխատակիցները: Երբ նրանք մոտեցել են նրան նախազգուշացում անելու՝ Իբրահիմովը ագրեսիվ է արձագանքել ու սկսել է ինչ-որ բան բղավել օտար լեզվով:
«Տեսուչներին մտահոգել է նաեւ նրա արյունլվա դեմքը: Երբ տղամարդուն նկատողություն են արել ու հետաքրքրվել, արդյոք ամեն ինչ կարգին է, նա սկսել է օտար լեզվով ինչ- որ բան բղավել, հետո հանել է դանակն ու հարձակվել ոստիկանի վրա»,- նկարագրել են իրավիճակը ոստիկանությունում:
Հետո «օրենքով գողը» դանակը ձեռքին հարձակվել է մեկ այլ ոստիկանի վրա, այնուհետեւ անսպասելիորեն շրջվել ու ինքն իր վզին ու փորին դանակով հարվածել: Դրանից հետո Բաքվեցի Դադաշն ընկել է:
Կատարվածը տեսագրվել է ու հրապարակվել YouTube–ում
Իբրահիմովի անհամարժեք վարքագիծը փորձել է բացատրել իրավիճակին ծանոթ աղբյուրը: Նրա տեղեկություններով, այդ օրը Դադաշը կոկաինի ազդեցության տակ էր, իսկ նրա դեմքի վրայի արյունը բացատրվում է այն ծեծկռտուքով, որը նա հրահրել էր իր մերձավորներից մեկի հետ դեռ մինչեւ ոստիկանի հետ միջադեպը: Վիճաբանության ընթացքում Դադաշը նրան դանակով մահացու հարված էր հասցրել:
Հիմա Դադաշը Բորիսպոլի շրջանային հիվանդանոցում է: Սպանության ու իրավապահ մարմնի աշխատակցի վրա մահափորձի համար նրան սպառնում է 15 եւ ավելի տարվա ազատազրկում:











