Հայաստանի ԱԱԾ-ն իրականացնում է կիբերանվտանգության առանձին ռիսկերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքներ: Այս մասին այսօր՝, մարտի 23-ին, «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ նշել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության բաժնի պետի տեղակալ Արսեն Գաբրիելյանը:

Նրա խոսքով, պետական եւ մասնավոր բազմաթիվ մարմիններում, մասնավորապես բանկային, ֆինանսական, տրանսպորտի եւ այլ ոլորտների ենթակառուցվածքներում մեծանում է տեղեկատվական ցանցերի ներդրումը, որոնք կարող են կիբերոտնձգության թիրախներ դառնալ:

«Այս պայմաններում առաջնահերթ է դառնում պետական կառույցների, կենսական նշանակության ենթակառուցվածքների  համակարգերի անխափան ապահովումն ու պաշտպանությունը հաքերային հարձակումներից: Մեզանում արդեն իսկ ձեւավորվել են հատուկ քայլեր: Մասնավորապես` ԱԱԾ մարմինները, մասնակցելով պետական տեղեկատվական պաշարների պաշտպանության գործընթացին, իրականացնում են կիբերանվտանգության առանձին ռիսկերի հայտնաբերման, կանխարգելման աշխատանքներ»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ Հայաստանում էլեկտրոնային տվյալների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված միջոցները դեռեւս կրում են տեղային ու մասնակի բնույթ»:

Իր հերթին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրի ղեկավար Բեռնհարդ Ֆարնուորթը նշել է, որ ԵԱՀԿ-ն կիբերանվտանգության հարցում համագործակցում է Հայաստանի հետ, աջակցում է` դրանց դեմ պայքարելու գործում։ Նա հավելել է, որ կիբերհանցագործությունների դեմ պայքարի պայքարելու, կիբերանվտանգության ռիսկերի նվազեցման ուղղությամբ իրենք համագործակցել են ՀՀ ոստիկանության հետ, 2015թ.-ից ծրագրեր են իրականացրել նաեւ ՀՀ քննչական կոմիտեի հետ: