18-րդ դարում հիմնադրված Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանում ստեղծվելու է հայագիտական ամբիոն, իսկ առաջիկա տարիներին իրականացվելու են նաեւ դասախոսների եւ ուսանողների փոխանակման ծրագրեր: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 23-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրոմի Սաբոլչի հանդիպման ժամանակ:
Հանդիպմանը ներկա Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշել է, որ այդ առթիվ կնքվելու է համագործակցության պայմանագիր:
Անդրադառնալով պատմական աղերսներին` Գարեգին Բ-ն փաստել է, որ այս գործակցային հարաբերությունները գալիս են նորոգելու այն ջերմ կապերը, որոնք դեռեւս 10-րդ դարից ձեւավորվել են երկու բարեկամ ժողովուրդների միջեւ: Նորին Սրբությունը խոսել է Հունգարիայի հայկական համայնքի ու հայ ժողովրդի կողմից այնտեղ կերտած կրթական ու մշակութային հաստատությունների մասին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կաթոլիկ համալսարանի պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, պատմության ընթացքում դիմագրաված փորձությունները եւ արդի մարտահրավերները:
Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձավ նաեւ Հայաստանյայց Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների եղբայրական փոխհարաբերություններին, ինչպես նաեւ Ֆրանցիսկոս Պապի` Հայաստան կատարելիք առաջիկա այցին:
Այս առիթով Նորին Սրբությունը վերհիշեց 2015 թ. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հռոմի Քահանայապետի կողմից մատուցված Ս. Պատարագը` ընդգծելով, որ հայ ժողովուրդը մշտապես երախտագիտությամբ է հիշելու վերջինիս կողմից ցուցաբերված զորակցությունը:
Այս առիթով Սուրոմի Սաբոլչը փաստեց, որ իր եւ Պիտեր Պազմանի անվան համալսարանի ուսանողների համար չափազանց կարեւոր է հայ ժողովրդի հոգեւոր կենտրոնում գտնվել ու հաղորդակցվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ինչպես նաեւ մոտիկից ծանոթանալ հայ ժողովրդի նվիրական արժեքներին ու սրբություններին: Ռեկտորը նաեւ իր ուրախությունը հայտնեց երկու կրթօջախների միջեւ ձեւավորված սերտ կապերի համար:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը հաճելի կեցություն մաղթեց ամենքին Հայաստանում: Ցավով արձանագրելով եւ դատապարտելով մարտի 22-ին Բելգիայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին հրավիրեց համատեղ աղոթքի` հիշելու տարբեր երկրներում պատերազմական եւ ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածներին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:



























