ՆԱՏՕ-ն չի կարող անվտանգության երաշխիք տալ Հարավային Կովկասի երկրներին, եթե այդ երկրները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ չեն: Այս մասին նշել է հայտնի ամերիկացի փորձագետ, Գուդզոնի համալսարանի ավագ գիտաշխատող Սեթ Քրոփսին: Ինչպես հայտնում է АPА-ն, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենալուրջ համաձայնությունները պահանջում են գործողություններ, դաշինքը դժվարանում է գործի անցնել:«Այդ պատճառով էլ շատ դժվար է անվտանգության երաշխիք տալ այն երկրներին, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն»,-նշել է փորձագետը:

Անդրադառնալով տարածաշրջանի երկրների ՆԱՏՕ-ին հավանական անդամությանը, Քրոփսին հայտարարել է, թե Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին պոտենցիալ անդամակցության հարցը կլուծվի շատ ավելի վաղ, քան Ադրբեջանի հարցը: Նա միաժամանակ նշել է, որ ներկայումս հարավկովկասյան տարածաշրջանում պահպանվում է լարվածության մակարդակը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման պատճառով: «Բացի այդ, Իրանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական մրցակցությունը լարվածություն է առաջացնում հարեւան երկրների միջեւ, եւ դա անդրադառնում է ամբողջ տարածաշրջանի վրա: Եթե Թուրքիայում ներդրվեն Ադրբեջանում առկա կրոնի եւ պետության միջեւ հավասարակշռված հարաբերությունները, ամբողջ տարածաշրջանը կլինի ավելի կայուն եւ անվտանգ»,-ասել է փորձագետը: