Երուսաղեմի հայոց պատրիարքությունն ուսումնասիրում է մամուլում տեղ գտած լուրերը, թե Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը պատրիարքարանում պաշտոնավարելու տարիներին մանկապղծություն է կատարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին պատրիարքարանի մամլո դիվանից:
«Մենք ներքին ուսումնասիրություն ենք կատարում՝ պարզելու մամուլում տեղ գտած տեղեկություններն ինչքանով են իրականությանը համապատասխանում: Երբ ավարտենք ուսումնասիրությունները, պաշտոնական հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց հայր Կորյունը:
Մայր Աթոռի մամլո դիվանից էլ մեզ հայտնեցին, որ իրենք նույնպես դիմել են Երուսաղեմի թեկին՝ պարզաբանում ստանալու համար: Պատասխանը ստանալուց հետո Մայր Աթոռը հանդես կգա հայտարարությամբ:
Նշենք, որ ըստ ֆրանսիական եւ իսրայելական մամուլի՝ 1990-ական թվականներին Երուսաղեմի հայկական վանքի բարձրաստիճան հոգեւորականները բռնաբարել են մանկահասակ տղայի: Նա 2013թ.-ին բողոք է ներկայացրել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ, որն այդ ժամանակ արդեն բնակվում էր Ֆրանսիայում:
2015թ. արքեպիսկոպոսի դեմ ներկայացվել է մեղադրանք եւ հարուցվել քրեական գործ, որը 2016-ին ուղարկվել է դատարան: Առաջիկայում սպասվում էր դատավարություն, սակայն օրեր առաջ արքեպիսկոպոսը մահացել է:




























