Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր` սեպտեմբերի 22-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2011թ. հանրապետական մարդահամարի եւ ընթացիկ տարվա նոյեմբերին փորձնական մարդահամարի կազմակերպական հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզպետներ Արմեն Ղուլարյանն ու Նվեր Պողոսյանը, քանի որ փորձնական մարդահամարը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում  եւ Տավուշի մարզի Գետահովիտ, Գանձաքար, Աչաջուր, Խաշթառակ գյուղական համայնքներում: 

Քննարկվել են անհրաժեշտ ֆինանսավորման, տարածքների տրամադրման, դաշտային աշխատանքների կազմակերպման հարցեր: Հոկտեմբերի սկզբին Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում կանցկացվեն փորձնական մարդահամարի կազմակերպման հետ կապված խորհրդակցություններ: Փոխվարչապետը միջոցառման պատշաճ իրականացման հարցում կարեւորել է բնակչության իրազեկվածությունը եւ կազմակերպիչներին հորդորել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: