Վրաստանում գոյություն ունեցող տնտեսական ճգնաժամի ֆոնին երկրի իշխանությունների կողմից կրկին շարունակվում է սխալ տնտեսական քաղաքականությունը: Այս մասին սեպտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան: Նրա խոսքով, բիզնեսին աջակցելու փոխարեն ուժգնանում է օրինականացված կառավարական ռեկետը, հաղորդում է «Վեստի Կավկազա»-ն:

Ալասանիայի կարծիքով, եթե նախկինում հարկային ծառայությունը միտված էր խոշոր բիզնեսի կողմը, հիմա իշխանությունների ճնշման տակ է հայտնվել փոքր ու միջին բիզնեսը:

«Բիզնեսմեններին պետական կառույցներ կանչելը եւ նրանց սեփականությունը պետությանը տալը սովորական երեւույթներ են դարձել: Չնայած խոստումներին, իշխանությունները շեղվել են հարկային միջավայրն ազատականացնելու ուղուց եւ հրաժարվել փոքր ու միջին բիզնեսի համար նախատեսված  արտոնություններից: Միաժամանակ բարձրացվել են որոշ հարկատեսակների դրույքաչափերը»,- ասել է Ալասանիան: Նա պնդում է, որ ազատ շուկայի զարգացման համար անհրաժեշտ է մրցակցային միջավայր ստեղծել, ինչն իր հերթին կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը եւ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը: