Ասլան Աբաշիձեն ատրճանակի փողը դրել է Միխայիլ Սահակաշվիլիի գլխին եւ սպառնացել` սպանել: Այս մասին սեպտեմբերի 22-ին վրացական «Կվիրիս Պալիտրա» (շաբաթվա ներկապնակ) թերթին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի ռազմածովային ուժերի հրամանատարի նախկին տեղակալ, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վիկտոր Չելիձեն:

Ինչպես հաղորդում «Գրուզիա Online»-ը, Չելիձեն պնդում է, որ այդ միջադեպին վկաներ են եղել: «Աջարիայում հեղափոխության օրերին ինձ հետ հանդիպել են գեներալ Դումբաձեն, Աջարիայի ՆԳ նախարար Ջեմալ Գոգիտիձեն եւ Աջարիայի գերագույն խորհրդի եւս մի քանի պատգամավորներ: Գոգիտիձեն հայտարարեց, որ իրենք Սահակաշվիլիին կարողացել են տանել Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի աշխատասենյակ, որտեղ վերջինս ատրճանակը դրել է երկրի նախագահի գլխին եւ սպառնացել սպանել նրան»:

«Գոգիտիձեն հայտարարել է, որ Աբաշիձեն չի կատարել իր խոստումը, բայց հետո իրեն հանձնարարել է վերացնել Սահակաշվիլիին: Ինչպես պատմել է Գոգիտիձեն, իրենց որոգայթ են պատրաստել, որի մեջ ընկել է Վրաստանի նախագահը, բայց Աջարիայի այն ժամանակվա ՆԳ նախարարը չկարողացավ Սահակաշվիլիին վերացնելու հրաման տալ»,- պնդում է Չելիձեն: