Բաքվի պետական ֆիլհարմոնիայի շենքում, «Ուզեիր Հաջիբեկով-125» միջազգային փառատոնի շրջանակներում, տեղի է ունեցել ԱՊՀ երկրների սիմֆոնիկ երիտասարդական նվագախմբերի համերգը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի միջազգային երաժշտական տան նախագահ Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, համերգից առաջ հանդես է եկել Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Իր ելույթում Շվիդկոյը նշել է, որ հպարտ է, որ մասնակցում է ադրբեջանցի կոմպոզիտորի հոբելյանի միջոցառմանը: Նա ընդգծել է, որ համերգին ներկա են նաեւ Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլ Բյուլ օղլին եւ Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն Արմեն Սմբատյանը:

Այնուհետեւ սկսվել է համերգը, որի ժամանակ հատվածներ են կատարվել Հաջիբեկովի «Արազբարը», Վերդիի «Ճակատագրի ուժերը», Չայկովսկու «Կարապի լիճը» եւ «Շչելկունչիկ» սստեղծագործություններից: