Սպասվում է, որ Նովրուզի օրերին Հայաստան կգան 10 հազար իրանցի: Այսօր` մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հանրային ռադիոյի պարսկերեն հաղորդումների ավագ խմբագիր Տիգրան Դավուդյանը:
«Ըստ Իրանի պաշտոնական տվյալների` 65 մլն իրանցի այս օրերին ճամփորդում է: Նախատեսվում է, որ Հայաստան են գալու տասը հազար իրանցի: Եթե ամեն մեկը հազար դոլար ծախսի այստեղ, մենք կունենանք 10 մլն դոլար»,- ասաց Տիգրան Դավուդյանը:
Նրա խոսքով, իրանցիները Հայաստանը սիրում են ապահովության առումով, ավելին՝ օդային ճանապարհով գալու դեպքում որեւէ խնդիր չի առաջանում. «Եթե ցամաքային ճանապարհով են գալիս, խնդիրներ է առաջանում, քանի որ Սյունիքում էլ եղանակային պայմանները բարենպաստ չէին»:
Նովրուզի կապակցությամբ Հայաստան եկած Օրքիդե Աբդին էլ նշեց, որ Հայաստանը տուրիստական փորձառություն չունի:
«Ամուսնուս հարազատները մի քանի անգամ եկել էին, այս անգամ էլ որոշեցինք ամբողջ գերդաստանով գալ: Տարբեր երկրներում ես ճամփորդել եմ եւ կարող եմ ասել, որ Հայաստանում անգլերենի իմացության մակարդակը ցածր է հատկապես սպասարկման կետերում: Կցանկանայի, որ ավելի ջերմ վերաբերեին զբոսաշրջիկներին եւ հյուրընկալ լինեին»,- ասաց նա:
Աբդին ընդգծեց, որ հաջորդ տարի Նովրուզը Հայաստանում չի պատրաստվում նշել: Թե որն է պատճառը, նա նշեց, որ մեկ անգամը բավական է:
Հայաստանում արդեն 23 տարի ապրող իրանցի Մանսուրե Անսարին էլ պատմեց, որ տաքսու վարորդներ էլ կան, որոնք նկատելով, որ իրանցիներ են ուղեւորները, կրկնակի գումար են վերցնում. «Վարորդների տարբեր տեսակներ կան. որոշ վարորդներ կրկնակի են վերցնում, կան վարորդներ, որոնք էլ շատ բարեխիղճ են»:



























