Նովրուզի օրերին հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունից Երեւան եկած իրանցի զբոսաշրջիկներից շատերը երկրորդ անգամ Հայաստան չեն գա: NEWS.am-ի հետ զրույցում նրանցից շատերը դժգոհեցին տաքսի ծառայությունների, հյուրանոցների բարձր գներից: Նրանց խոսքով, Հայաստանն Իրանի համեմատ թանկ երկիր է եւ այստեղ ապրելն ավելի դժվար է, քան Իրանում:
«Ես հաջորդ տարի Հայաստան չեմ գա. այստեղ շատ խնդիրներ են առաջանում. տաքսիները կրկնակի գումար են վերցնում մեզանից, հյուրանոցներում էլ ծառայությունների գինը բարձր է, բայց սպասարկման որակն այնքան էլ լավը չէ: Շատ դժվար է Հայաստանում ապրելը, Իրանում այն գումարը, որը մեկ շաբաթում էինք ծախսում` այստեղ մեկ օրում ենք ծախսում: Պատրաստվում եմ գնալ, որովհետեւ արդեն գումար չի մնացել մոտս»,-NEWS.am-ի հետ զրույցում ասում է արդեն մեկ շաբաթ Երեւանում գտնվող իրանցի զբոսաշրջիկ Ալին:
Իրանցի զբոսաշրջիկների համար խնդիր է նաեւ երեւանցիների անգլերենի վատ իմացությունը. «Երբ նստում ենք տաքսի, համարյա ոչ մի վարորդ անգլերեն չի խոսում, որն էլ դժվարություններ է առաջացնում, թղթի վրա գումարը գրում են, որ հասկանանք` ինչքան ենք վճարելու: Կան նաեւ շատ ռեստորաններ, որտեղ մատուցողները անգլերենին չեն տիրապետում, դա նույնպես խնդիրներ է առաջացնում: Ես Հայաստանում առաջին անգամ եմ, եղել եմ նաեւ այլ երկրներում, նաեւ հարեւան Վրաստանում, որտեղ նման խնդիրների չեմ առնչվել: Հաջորդ տարի կնախընտրեմ իմ հանգստյան օրերն անցկացնել այլ երկրում»,-մեզ հետ զրույցում նշեց իրանցի Ֆլորան:
Նշենք, որ հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունից իրանցի զբոսաշրջիկները այս օրերին Հայաստան են եկել իրենց Ամանորը` Նովրուզը տոնելու:





























